11 հունվարի 2006 - 13:43 AMT
Վ.Օսկանյանը եւ Է.Մամեդյարովը կքննարկեն Քոչարյան-Ալիեւ հանդիպման նպատակահարմարությունը, հայտարարում են Բաքվում
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ էլմար Մամեդյարովը եւ Վարդան Օսկանյանը կհանդիպեն հունվարի 18-19 Լոնդոնում: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թագիզադեն, հանդիպումը տեղի կունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման Պրահայի գործընթացի շրջանակներում: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հիմնական նպատակներից մեկը երկու երկրների նախագահների` Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման նպատակահարմարությունը որոշելն է: Նախագահները հանդիպում են, երբ կան որոշակի նախադրյալներ, այդ պատճառով նախարարների խնդիրն է նաեւ նման հանդիպման նպատակահարմարությունը որոշելը, նշել է նա: Թ.Թագիզադեն հաղորդել է նաեւ, որ ինքը տեղեկություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի երկրորդ կեսին տարածաշրջան կատարելիք այցի մասին: Ըստ նրա, Ադրբեջանի ԱԳՆ-ն նման տեղեկատվություն չունի, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: