21 հուլիսի 2003 - 22:18 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ը ԿԴԱՌՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ընթացիկ տարվա սեպտեմբերին ի մարումն արտաքին պարտքի Հրազդանի ՋԷԿ-ը կդառնա Ռուսաստանի սեփականությանը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել կայանի գլխավոր տնօրեն Ալբերտ Բաղդասարյանը, կայանը փոխանցվելու է Ռուսաստանի պետական գույքի նախարարությանը, իսկ այնուհետեւ մի ընկերության, որը զբաղվելու է նրա կառավարմամբ: Որպես ամենահավանական թեկնածու նշվում է «Ռուսաստանի ԵԷՍ» ԲԸ, որի ֆինանսական կառավարմանը կհանձնվի նաեւ Հայկական ԱԷԿ-ը: Ալբերտ Բաղդասարյանը ավելացրել է, որ Ռուսաստանի սեփականությանը Հրազդանի ՋԷԿ-ի փոխանցումից հետո արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքը կարող է իջնել ի հաշիվ բնական գազի էժանացման: Այսօրվա դրությամբ Հրազդանի ՋԷԿ-ը հանդիսանում է բնական գազի խոշորագույն սպառողը Հայաստանում եւ արտադրում է ինքնարժեքով ամենաթանկ էլեկտրաէներգիան: Հայաստանի իշխանությունները նախապես հաղորդում էին, որ Հրազդանի ՋԷԿ-ի փոխանցումը Ռուսաստանին հնարավորություն կստեղծի էլեկտրաէներգիան արտահանել Թուրքիա եւ տարածաշրջանի այլ երկրներ: