19 հունվարի 2006 - 15:50 AMT
Է.Մամեդյարովը բնութագրել է լոնդոնյան բանակցությունները որպես «ինտենսիվ եւ հագեցած»
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների լոնդոնյան բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ «ինտենսիվ են եւ հագեցած»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Թաիր Թաղիզադեի խոսքերով, հունվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեւել են մինչեւ ուշ գիշեր եւ շարունակվում են այսօր, հունվարի 19-ին, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնեց Լոնդոն, որտեղ հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նույն օրը միջնորդները հանդիպել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ: Բացի այդ, տեղի է ունեցել միջնորդների եւ երկու երկրների արտգործնախարարների համատեղ հանդիպումը: Այսօր տեղի կունենա Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: