Աշխարհի մի քանի պետությունների առանձին նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը, իսկ տարիներ առաջ դա ավելի մեծ դժվարությամբ կլիներ: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նկատեց, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը հակազդեցություն է իրականացնում: «Եթե Ադրբեջանը շարունակի պահել իր վարքագիծը, անձամբ կնպաստի ԼՂ ճանաչմանը»,- ասաց փոխարտգործնախարարը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց. «ԱԳՆ-ն չի անդրադառնում, որ ընդամենը երկու-երեք նահանգ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, իսկ Խոջալուի այսպես կոչված «ջարդերը» ճանաչել են ԱՄՆ վեց նահանգ, Մեքսիկայի, Կոլումբիայի և Չեխիայի խորհրդարանները: Դուք անընդհատ շեշտում եք, որ արցախյան հիմնախնդրի ուղղությամբ ՀՀ որդեգրած ռազմավարությունը ոչ միայն ընդունելի է, այլ հավանության է արժանանում միջազգային հանրության կողմից: Որտե՞ղ և ինչո՞վ է անդրադառնում այդ ըմբռնումը հարցի վրա: Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ պնդում է, որ կան Մադրիդյան սկզբունքներ, որոնք կիրականացվեն և իրենց լեզվով ասած «օկուպացված» տարածքներից դուրս կբերվեն ՀՀ զորքերը»:
Շավարշ Քոչարյանն արձագանքեց, որ Ադրբեջանն շատ մեծ ծախսեր է անում, որոշ տեղերում իրենց դա հաջողվել է: «Խոջալուի առումով բավական աշխատանքեր են տարվում նաև մեր կողմից, մենք նյութեր ենք տարածել, որոնցում ապացուցվում է, որ Խոջալուի ողբերգությունը հենց ադրբեջանցիներն են իրականացրել: Այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,- ասաց նա:
Անդրադառնալով այն ռեպլիկին, թե ՀՀ ԱԳՆ-ն անընդհատ շեշտում է, որ արցախյան հիմնախնդրի ուղղությամբ ՀՀ որդեգրած ռազմավարությունը ոչ միայն ընդունելի է, այլ հավանության է արժանանում, Շավարշ Քոչարյանը նշեց, որ դա է իրականությունը և հայտարարեց. «Ադրբեջանը հանդես է գալիս ռազմական կոչերով, հետ չի քաշում դիպուկահարներին, տապալում է շփման գծում հետաքննության գործընթացը: Ժամանակին հրաժարվել է ուժի կիրառման սպառնալիքի բացառման համաձայնագիրը ստորագրելուց: Այս ամենի կողքին մենք միայն ձգտում ենք հարցի խաղաղ կարգավորմանը, և մեր տեսակետները համընկնում են եռանախագահների տեսակետներին»: Նա ընդգծեց, որ հայկական կողմը երբեք չի աղավաղել իրականությունը, սեփական ժողովրդին մոլորության մեջ չեն գցել:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցութուններին, ՀՀ փոխարտգործնախարարը շեշտեց, որ դրանք իմաստ ունեն, քանի որ միջնորդները ոչ միայն կայուն համաձայնոըւթյանը պետք է նպաստեն, այլ թույլ չտան, որ փխրուն զինադադարը նորից վերաճի ռազմական գործողությունների: «Եռանախագահները զսպաշապիկ են Բաքվի ռազմական սպառնալիքներին: Ադրբեջանը փորձում է լղոզել այդ ֆորմատը, վարկաբեկել այն: Ադրբեջանը գործում է հակառակ միջնորդների հայտարարությունների և տեսակետների»:
Շավարշ Քոչարյանը նշեց նաև, որ միջնորդները, իհարկե, կարող էին ընդունել ԼՂ-ում անցկացված հանրաքվեն, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, սակայն այն ճանապարհով պետք է գնան, որ Ադրբեջանն էլ համակերպվի:
Անդրադառնալով ԼՂՀ մասնակցությանը բանակցություններին, Քոչարյանն ասաց, որ Հայաստանը միշտ կողմ է և գտնում է, որ անարդյունավետ են բանակցություններն առանց Ղարաբաղի: Շավարշ Քոչարյանը շեշետեց, որ Ղարաբաղը վերջնական խոսք ունի ասելու: