20 հունվարի 2006 - 15:07 AMT
Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանը բարձրացնելու է ռուսական գազի սակագնի հարցը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 22-ին Մոսկվայում բարձրացնելու է ռուսական գազի սակագնի հարցը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքափոխանակությունն աճել է մոտ 35 տոկոսով: Իր հերթին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հայտնել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի 70 տոկոսը ներկայումս պատկանում է Ռուսաստանին: Անդրադառնալով Ռուսաստանում Հայաստանի տարվա հանդիսավոր բացմանը, հայ դիվանագետը նշել է, որ միջոցառումներ են կազմակերպվելու Ռուսաստանի 25 մարզերում: Այս առիթով Մոսկվա են ժամանելու աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը եւ ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Մշակույթի եւ կինեմատոգրաֆի Ռուսաստանի դաշնային գործակալության ղեկավար Միխաիլ Շվիդկոյը, կարծիք է հայտնել, որ «հայերը, այդ թվում նաեւ նրանք, ովքեր ապրում են Ռուսաստանում, ձգտում են ցուցադրել իրենց ժողովրդի արդի կյանքի ողջ հարստությունը»: «Ռուսաստանի հայ համայնքը միավորում է շատ արժանավոր մարդկանց, որոնցով կարող է հպարտանալ ժամանակակից աշխարհը»,- հայտարարել է Շվիդկոյը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կմեկնի Ռուսաստանում Հայաստանի տարվա հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու նպատակով: