2 հունիսի 2013 - 16:55 AMT
Ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպից հետո Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել

Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով միջադեպին` Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել է.

«Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երևույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»:

Նախարարը հանձնարարել է ծառայողական մանրազնին քննություն իրականացնել և պատժել բոլոր մեղավորներին:

Հիշեցնենք, որ երեկ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Ս.Մովսիսյանը մահացել է: