24 հունվարի 2006 - 17:43 AMT
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Հայաստան ադրբեջանական գազի առաքման մասին հայտարարությունները
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչները կապվել են Հայաստանի արտգործնախարարության հետ եւ հետաքրքրվել գազատարի պայթյունի հետեւանքով Հայաստանում ստեղծված ծանր կացությամբ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը, մեկնաբանելով ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակքորմաքի հայտարարությունները:
«Ինչ վերաբերում է այլ ուղիներով Հայաստան ներթափանցող գազին կամ այս հարցում հարեւանների, մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից որեւէ օգնության, ապա, ցավոք, մեր դեպքում դա չկա: Կրկնում եմ, հակառակ Վրաստանի, այս պահին Հայաստան գազ մուտք չի գործում եւ չի էլ կարող գործել, քանի դեռ գազատարը չի վերանորոգվել: Ուստի այդ պատճառով էլ դադարեցվել է մինչ այդ Հայաստանից Վրաստան առաքվող էլեկտրաէներգիան, քանի որ այն արտադրվում էր հենց այդ գազի շնորհիվ»,-նշել է Հ.Գասպարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ավելի վաղ Շոն Մակքորմաքը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն իր դերն է ունեցել այն բանում, որ Վրաստանը սկսել է գազ ստանալ Ադրբեջանի տարածքով: «Մենք պահպանում էինք շփումը ներգրավված կողմերի հետ: Որքան գիտեմ, ներկայումս Վրաստանը գազ է ստանում է Ադրբեջանից եւ էլեկտրաէներգիա Թուրքիայից, եղել են նաեւ խափանումներ Հայաստանին գազի մատակարարման առումով, եւ ադրբեջանական գազը փոխադրվում է Հայաստան»,-հայտարարել էր նա: «Անկախ նրանից, թե ինչն է հանդիսացել պայթյունների պատճառը, ամենակարեւորն այն է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարեւանները միացրեցին ջանքերը եւ օգնության հասան հարեւաններին ճգնաժամի պահին: Դուք գիտեք, որ մենք այստեղ դեր ունեինք եւ հպարտ ենք դրանով», - հայտարարել էր Շոն Մակքորմաքը: