Նախորդ տարին Հայաստանի համար ընտրության էր ոչ միայն երկրում տեղի ունեցած ընտրությունների, այլև ավելի մեծ ընտրության տեսանկյունից, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Երկիրը կանգնած է մեծ ընտրության»,- այսօր Երևանում «Կովկաս 2012» միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքկանությանը, Այեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այսօր Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիությանը ինտեգրվելու հարցում: Քաղաքագետը կարծում է, որ գործընթացը շատ կարևոր է, բայց դրա շուրջ քննարկումները չափազանցնում են իրավիճակը: «Դա ընդամենը ճանապարհ է, ոչ թե ակտ: Թվում է, թե մենք ինչ-որ տեղ պիտի մտնենք ու անմիջապես երջանկություն կլինի, կլուծվեն բոլոր խնդիրները, սակայն դա ընդամենը քայլ է, մենք արդեն անդամակցում ենք մի շարք կազմակերպությունների` Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն, սակայն Շվեյցարիա դեռ չենք դարձել»,- նկատեց նա` ընդգծելով Եվրոպայի հետ բանակցությունների կարևորությունը տնտեսական համագործակցության տեսակյունից:
Ալեքսանդր Իսկանդարյանը հատկապես կարևորեց Հայաստանի անվտանգության ապահովման հարցը և ասաց. «Հայաստանի համար այսօր Ռուսաստանին ոչնչով և ոչ մեկով փոխարինել հնարավոր չէ: ՀՀ-ն կշարունակի իր հարաբերությունները խորացնել և Եվրամիության հետ, և Ռուսաստանի, և Իրանի: Իհարկե, սա մի քիչ սյուռեալիստական է հնչում, բայց այդպես է»: Քաղաքագետն այս համատեքստում հիշեց մի անեկդոտ, երբ ուժեղ անձրև է գալիս, ու բոլորը թռջվում են բացի մեկից, վերջինին հարցնում են, թե ինչպե՞ս է ստացվել, որ չոր է մնացել, նա պատասխանում է. «Ես կաթիլների արանքով էի անցնում»: