27 հունվարի 2006 - 13:06 AMT
Կարել դե Գուխտը եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը
Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկված հարցերի շրջանակում է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Կարել դե Գուխտը Սերգեյ Լավրովին պատմել է Հայաստանում եւ Ադրբեջանում իր ունեցած հանդիպումների մասին: Ռուսաստանի արտգործնախարարը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի ջանքերն, ուղղված հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Ըստ Կարել դե Գուխտի հայտարարությունների, թե' Ադրբեջանում եւ թե' Հայաստանում հակամարտության լուծումն առաջ տանելու ցանկություն կա: Այնուհանդերձ, կողմերը դեռեւս տարբեր դիրքորոշումներ ունեն «տարածքային հարցում»: Թե ինչ տարածքների մասին է խոսքը, դե Գուխտը չի մանրամասնում: Նշենք, որ Բաքվում նա հայտարարել էր. - «Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության գան, ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնելու նրանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման, տարածաշրջանը վերականգնելու հարցերում: Նաեւ` լուծելու մնացած խնդիրները, ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանների հարցը: Բայց մինչեւ ԵԱՀԿ-ն սկսի այս ամենն իրագործել, կարեւոր է, որ մենք Ռամբույեում ճեղքում ունենանք: Եվ ես հուսով եմ, որ այդպես կլինի»:

Կարել դե Գուխտի խոսքերով, ճեղքում կարելի է համարել «այն իրավիճակը, երբ երկու կողմերի գործող զորքերը փոխարինվեն խաղաղապահ ուժերով, ինչը թույլ կտա լուծել գոյություն ունեցող խնդիրները»: Վերջիններս, ըստ ԵԱՀԿ գործող նախագահի, «ամեն դեպքում, կշարունակեն մնալ Ռամբույեի բանակցություններից հետո»: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը փետրվարի 10-11-ին հանդիպելու են Փարիզից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ռամբույե դղյակում, որտեղ Ֆրանսիայի նախագահը սովորաբար կարեւոր հանդիպումներ է անցկացնում աշխարհի ղեկավարների հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: