Մոսկվայում ավարտվել է «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթ»՝ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Այն Ուկրաինայի հավաքականի հետ գրավել է երրորդ տեղը, 2-րդ տեղը զբաղեցրել են բելառուսները, իսկ հաղթող են դարձել ռուսները:
«Մեր մարզիկների մրցելույթներն, ընդհանուր առմամբ գնահատում եմ լավ,- ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը,-այս հեղինակավոր մրցաշարին մենք մասնակցում էինք երկրորդ անգամ: Անցած տարի 5-րդ տեղում էինք: Եվ սա այն դեպքում, երբ մեր թիմի կազմում, վնասվածքների պատճառով, ընդգրկված չէին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Աշոտ Դանիելյանն ու Վաչիկ Վարդանյանը»:
Հայաստանի սամբոյի հավաքականների մարզիկներն այս տարվա Եվրոպայի առաջնություններում նվաճել են 15 մեդալ: Եվս մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալի էլ հայ սամբիստներն արժանացել են աշխարհի գավաթի փուլերում: 2013թ. աշխարհի առաջնությունները տեղի կունենան աշնանը, իսկ մինչ այդ, հուլիսի 13-16-և 4 հայ սամբիստներ կմասնակցեն Կազանում անցկացվելիք 27-րդ ամառային Ունիվերսիադային: