10 հունիսի 2013 - 16:06 AMT
Լույս է տեսել «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի hրատարակչական բաժինը լույս է ընծայել դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» աշխատությունը:

Գրքում ներկայացվում է Վանա լճի Աղթամար կղզին` իր պատմության կարևոր դրվագներով և մշակութային հարուստ ժառանգությամբ, որի բաղկացուցիչներն են Գագիկ Արծրունի թագավորի կառուցած, մեծարվեստ պատկերաքանդակներով զարդարված Սուրբ Խաչ եկեղեցին, կղզու մյուս եկեղեցիներն ու կառույցները, աղթամարյան հարյուրից ավելի ձեռագրերը և մշակութային այլ արժեքներ:

Կարեն Մաթևոսյանի «Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը» գիրքը նախատեսված է Հայոց պատմությամբ ու մշակույթով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակայնության համար: Պատկերազարդ գրքում օգտագործվել են Հրայր Բազեի, Տաթևիկ Մելքոնյանի լուսանկարները, Մ. Մաշտոցի Մատենադարանի տրամադրած մանրանկարների լուսապատճենները: