Իշխանությունների համար փաստաբանների կարծիքը դեռևս որևէ էական նշանակություն չունի: Նման տեսակետ հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանն այսօր կայացած հանրային քննարկման ժամանակ: Հակ Ալումյանը հունիսի 10-ին և 11-ին մի խումբ փաստաբանների կողմից իրականացվող գործադուլը նախաձեռնած 46 փաստաբաններից մեկն է:
Փաստաբանը հիշեցրեց վերջին մեկ տարվա ընացքում դատական համակարգի և մասնավորապես վճռաբեկ դատարանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Սահմանադրական դատարանից հնչեցրած գնահատականները, որոնք համընկնելով փաստաբանների կարծիքների հետ` հիմնականում բացասական են եղել:
Լրագրողների հարցին, թե ինչու ի տարբերույթուն 2012-ի բողոքի ակցիայի, երբ գործադուլին միացավ ՀՀ փաստաբանների շուրջ 50 %-ը, այս անգամ փաստաբաններն ավելի փոքր թիվ են կազմում` շուրջ 200, Հայկ Ալումյանը նշեց, որ փաստաբանների շրջանում առկա է հուսահատության, սեփական ուժերին չհավատալու տրամադրությունը:
«Չնայած, որ բոլորիս կարծիքն այսօրվա դատական համակարգի մասին նույնն է, որոշ փաստաբաններ ուղղակի նախընտրում են սպասել օրենսդրական փոփոխությունների, նրանք պայքարի այլ ճանապարհ են ընտրում», -ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը նշեց Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» գործելակերպը, որն էլ հանգեցնում է հասարակության շրջանում արդարադատության նկատմամբ թերահավատությանը:
«Անձամբ իմ կարծիքով 1-ին և 2-րդ ատյաններում կրած պարտություններն այնքան չեն հուսահատեցնում քաղաքացուն, որքան վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ չընդունելու հանգամանքը», - ընդգծեց փաստաբան Ալումյանը:
Քննարկմանը մասնակից մեկ այլ բանախոսի, փաստաբան Անի Թորոսյանի կարծիքով դատական համակարգը հեռացել է իր գործունեությունից և այլևս չի ծառայում արդարությանը:
«Այս ամենի պատասխանատուն միայն և միայն վճռաբեկ դատարանն է»,- իր կարծիքն է հայտնում փաստաբան Թորոսյանը: Ի պատասխան Վճռաբեկ դատարանի բերած այն արդարացումներին, թե իրենք բավարար ռեսուրսներ չունեն բոլոր գործերը քննելու, բողոքները վարույթ վերցնելու համար, փաստաբան Թորոսյանը մի ուշագրավ համեմատություն արեց.
«Եվրոպական դատարանի պրակտիկան ցույց է տալիս, որ այնտեղ մեկ դատավորին բաժին է հասնում 36.5 գործ, մինչդեռ Հայաստանի վճռաբեկ դատարանում գործերի թիվը 12.5-ից էլ չի անցնում: Հետևաբար վճռաբեկի այն պատճառաբանությունը, թե իրենք աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով չի համապատասխանում իրականությանը»:
Բանախոս փաստաբանները կարծիք հայտնեցին այն մասին, որ վճռաբեկ դատարանի համար կարծես թե էական չէ` բողոքը համապատասխանում է օրենքով սահմանված կարգին, թե ոչ: Շատ հաճախ առաջնորդվում են գործի հանդեպ ունեցած իրենց սեփական 'հետաքրքրությամբ', ինչն էլ հանգեցնում է երկակի ստանդարտների կիրառմանը:
«Փաստորեն, արդարադատությունը յուրացվել է մի խումբ մարդկանց կողմից, իսկ դա արդեն Սահմանադրության 2-րդ հոդվածի խախտում է», - նշում են փաստաբանները:
Դատական դեպարտամենտի նախագահի խորհրդական Ռուստամ Մահմուդյանն իր խոսքում կոչ արեց փաստաբաններին զինվել համբերությամբ, սպասել օրենսդրական ակտերի համապատասխան փոփոխություններին և խուսափել ծայրահեղ քայլերից: Բացի այդ դատական դեպարտամենտի աշխատակիցներն իրենց խոսքում բազմիցս անդրադարձ կատարեցին կաշառակերության մեջ մեղադրված 20 փաստաբանների:
Քննարկմանը ներկա էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ով նշեց, որ ՄԻՊ-ը կիսում է փաստաբանների մտահոգություներն ու իր զորակցությունն է հայտնում վերջիններիս: