10 հունիսի 2013 - 20:55 AMT
Գազը, էլէկտրաէներգիան և ջուրը Արցախում թանկացան

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին գազի, ջրի և էլեկտրաէներգիայի սակագների մասին հարցերը։

Գազի սակագինը, ինչպես և Հայաստանում, մինչև 10.0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար 1 խորանարդ մետրը կկազմի 156 դրամ։ Այս սակագինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից, իսկ ահա 10.0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի նոր սակագինը / հազար խորանարդ մետրի արժեքը՝ 290 դոլար/ կգործի հուլիսի 10-ից։

Այսօր քննարկման էր դրված նաև էլեկտրաէներգիայի սակագինը. հանձնաժողովը որոշեց այն սահմանել՝ ցերեկային ժամերի համար 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային ժամերի համար՝ 33 դրամ/կՎտժ։ Հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը սակայն նշեց, որ բնակիչների համար սակագինը չի փոխվի, քանի որ վարչապետից գրություն են ստացել, ըստ որի՝ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել ցերեկայինի համար 13, իսկ գիշերայինի համար՝ 8 դրամի չափով, ինչը նշանակում է, որ բնակիչների համար տարբերություն չի լինի՝ գիշերն են էլեկտրաէներգիա սպառում, թե ցերեկը. կվճարեն 25 դրամ։ Ի դեպ, ներկայում ցերեկային ժամերի սակագինը 25 դրամ է, գիշերայինը՝ 15 դրամ։ Նոր սակագները կգործեն հուլիսի 10-ից։

Ինչպես հայտնում է karabakh-open.info-ն, նոր սակագին սահմանվեց նաև խմելու ջրի և ջրահեռացման մասով. այստեղ բնակիչների համար սակագինը կմնա նույնը՝ 1 խորանարդ մետր ջրի դիմաց կվճարեն 100 դրամ, ջրահեռացման ծառայության համար՝ 12 դրամ, իսկ ահա այլ սպառողների համար խմելու ջրի խորանարդ մետրը հուլիսի 10-ից կկազմի 134 դրամ, իսկ ջրահեռացմանը՝ 16 դրամ: