Նախագահի բոլոր թեկնածուները պետք է հավասար իրավուքներ ունենան իրենց նախընտրական քարոզարշավը իրականացնելու համար, կարծում է փաստաբան Կարեն Մեժլումյանը: Նա Սահմանադրական դատարանում ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆիի Հովհաննիսյանի շահերը, ով դատարան դիմում է ներկայացրել, որով վիճարկում է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը:
Այսօր ՍԴ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նկատեց, որ Ընտրական օրենսգրքով նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ թեկնածուների ծախսերի համար սահմանաված է առավելագույնը 100 մլն դրամ, որպեսզի մեկն անսահմանափակ հնարավորությունից չօգտվի, իսկ մյուսն այդ հնարավարությունը չունենալով զրկվի քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից:
«Սակայն օրենքում կա այսպես ասած լուսանցք, որը հնարավորություն է տալիս անուղղակի կերպով քարոզարշավն իրականացնել ավելի մեծ գումարներով, դա մասնավորապես վերաբերում է ընտրական շտաբերի պասռատներին: Մենք լուսանկարներով, տեսանկարահանումներով ցույց ենք տվել, որ կարգախոսը, քարոզչական պաստառը և ընտրական շտաբի պաստառները ոչնչով իրարից չեն տարբերվում, այսինքն նույն գունային համադրությամբ պաստառներն են, նույն կարգախոսը, թեկնածուի անուն ազգանունը, առանձին դեպքերում կարող է լինել նաև թեկնածուի լուսանկարը, իսկ շտաբի վրա ընդհամենը գրված է շտաբ՝ նույն քարոզչական նյութով, որն արդեն ընտրությունների ծախսերի մեջ չի ներառվում»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Նա նշեց, որ այս պայմաններում իշխանությունները ներկայացնող ուժերը հնարավորություն են ունենում ընտրական շտաբ անվամբ իրենց քարոզչական նյութերը տարածել, պաստառները կպցնել ցանկացած վայրում, անգամ այնպիսի տեղերում, որտեղ արգելվում է քարոզչական պաստառ փակցնելը: «Այդ պաստառները տեղադրում են մշակույթի կենտրոնների վրա, ամենակենտրոնական վայրերում, դրա համար էլ մենք դիմեցինք Սահմանադրական դատարան»,- ասաց նա: Այսօր ՍԴ-ն որոշեց հետաձգել Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ փաստաթղթերի և միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Կարեն Մեժլումյանն այս որոշումը ճիշտ է համարում, քանի որ, ըստ նրա, պետք է փորձաքննություն նշանակվի և փորձաքննողները տան իրենց եզրակացությունը՝ արդյո՞ք այդ նյութերը ասոցացվում են որպես քարոզչական նյութ, որպես այդ թեկնածուի գովազդ ընկալվո՞ւմ են, թե՝ ոչ: «Եթե այդպես է, ապա մեր դիմումը կունենան նաև փաստարկված ապացույց մասնագիտական եզրակացության ձևով: Փորձագետները կարող են լինել սոցիալոգներ, գովազդի մասնագետներ»,- ասաց փաստաբանը:
Ավելացնենք, որ այսօր ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց հետաձգել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի քննությունը մինչև մայիս 16-ը: Հովհաննիսյանը դատարանում վիճարկում է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը:
Նշենք, որ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է թեկնածուների և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների /դաշինքների կողմից ընտրական շտաբների ձևավորմանը և դրանց վրա ցուցանակների տեղադրմանը:
Իսկ ՀՀ ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ դաշինքների զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման կարգին: