11 հունիսի 2013 - 12:52 AMT
Արտոնություններ՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին. Կոռուպցիոն գործա՞րք, թե՞ ներդրողներին գրավելու քայլ

Ազգային ժողովում ասյօր շարունակվեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրաջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ օրենքի նախագծին դեմ է, քանի որ արտոնություն են ուզում առանց օրենքի նախագիծ ներկայացնելու: «Ոչ մի օլիգարխ նման բան թույլ չի տվել իրեն: Թող հաշվեն ինչ ուսուցիչներ ու դասախոսներ են բերելու, հետո նոր մեր բերանի ջրերը վազեն: Հազար ու մի հարցեր են առաջանում՝ ընդհուպ մինչև փողերի լվացում: ԱԺ-ն իրավունք չունի օրենք ընդունել՝ չիմանալով ինչի մասին է այն: Եթե բիզնեսն ի սզկաբանե ճիշտ չի դրված, չի կարող կայուն լինել»,- ասաց պատգամավորը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ նման օրինագիծ ՀՀ ԱԺ կողմից ընդունելը նշանակում է, որ իրենք պետության շահերին են դեմ գնում: «Օրենք, որը իր մեջ չունի ծրագիր: Նման արտոնություններ տրամադրել ըստ էության շահույթ հետապնդող կազմակերպությանը նշանակում է, որ մենք մասնակցում ենք կոռուպցիոն գործարքի: Սա ավանտյուրա է, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը: Նման նախաձեռնությունը հանցագործություն է: Բազմիցս կառավարության հետ խոսել ենք, որ արտոնություններ տրամադրեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին, բայց մերժվեց՝ ասելով, որ բոլորի համար պետք է հավասար պայմաններ լինեն: Մինչդեռ այդ գյուղացիներն այդտեղ ապրելով մեր պետությանը ավելի մեծ օգուտ են տալիս, քան այդ դպրոցն է տալու»,- ասաց պատգամավորը: Զարուհի Փոստանջյանը խնդրեց, որ պատգամավորներն օրինագծին դեմ քվեարկեն և պահանջեն, որ կառավարությունը ներկայացնի ծրագիրն ու ժամանակացույցը:

Արտահերթ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նկատեց, որ ծրագրով սպասվող ներդրումները կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական վիճակի բարելավմանը: Ըստ ԱԺ նախագահի՝ նման ծրագրերը պետք է պաշտպանվեն և պետք է հնարավորություն տալ դրանց իրականացմանը. «Գոնե աշխատատեղ կլինի, գործազրկության խնդիրը կլուծվի, համայնքների բյուջեն կլցվի: Մեզ մոտ ներդրումների համար հերթ չեն կանգնել, երբ մեզ մոտ ներդրումների հերթ կլինի, այն ժամանակ կնստենք և կքննարկենք»,- ասաց ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարությունն է պատասխանտու հարկային քաղաքականության համար և եթե կառավարությունը պարտավորություն է վերցնում, որ սա բյուջեի և երկրի համար լավ նախագիծ է, ապա ԱԺ-ն պարտավոր է քննարկել և համաձայնություն տալ: «Եթե Դիլիջանում 650 մլն դոլարի ներդրում է կատարվում, ապա դա արդեն իսկ լավ է: Համաձայն եմ, որ հստակ ծրագիր է պետք ներկայացնել: Պետք է հետամուտ լինել և հստակ պարզել, թե ինչ շինարարական նյութեր են օգտագործվելու, բայց կազմակերպություններն էլ իրենց հերթին արտոնություններ են ուզում ներդրում կատարելու համար: Կառավարության հասցեին մշտական քննադատություն է հնչում ներդրումների դաշտ ստեղծելու համար և հիմա, երբ կա հնարավորություն հնչում է քննադատություն»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պատգամավորներն ունեն մտահոգություն, որ ծրագրի առկայության պայմաններում այն տրամադրվի Ազգային ժողովին և այն պատգամավորները, ովքեր հետաքրքրված են այս ծրագրի ապագայով հասկանան, թե այս ծրագիրն ինչ է իրականացնելու: