12 հունիսի 2013 - 13:36 AMT
Փաշինյանը դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին. Ի դժբախտություն ոմանց՝ տարբերում եմ իրականությունը հերյուրանքից

Ազգային ժողովին է ներկայացված մի փաստաթուղթ ոչ թե 2012-ին տեղի ունեցած պրոցեսների մասին, այլ մի փաստաթուղթ կառավարության անվերջանալի, աննախադեպ հաջողությունների շարքի մասին։ Այսօր խորհրդրանաում 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ բյուջեի կատարողականը պետք է ներկայացներ թե ինչ է կատարվել հաշվետու ժամակաշրջանում երկրի հետ։ Նիկոլ Փաշինյանը բյուջեից կատարողականից մի հատված մեջբերեց. «Սեփական արբանյակի թողարկման և այն Հայաստանին հատկացված գեոստացիոնալ ուղեծրում տեղակայելու նպատակով 2012-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Կոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը։ Ինչպես նկատեցիք, ՀՀ-ն միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մեկ այլ հաշվետվությանը և փաստաթղթից մեջբերեց. «2012թ․դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանը կոնսենսուսով ընտրվել է ՄԱԿ-ի բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ, և եթե հաշվի առնենք, որ Սփյուռքի նախարարն առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը դեռևս 2011-ին էր լուծել, հասկանալի է, որ տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի, հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար»: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը խոստանում է Հայաստանում իրականացնել ավտոբուսների արտադրություն. «Նրանք նույնիսկ չեն կարողանում ավտոբուս ներկրել՝ իրենց երկրի բնակիչներին արժանապատիվ տրանսպորտով ապահովելու համար։ Պետք է շնորհակալություն հայտնել, որ կատարողականում չեն գրել, որ միանգամից տիեզերանավերի արտադրություն են սկսելու։ Պարոն Սարգսյան, ցավալին գիտեք ի՞նչն է, Դուք և ձեր կառավարությունը համապատասխան հետևություններ չեք արել Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոպարկ դարձնելու, Իրան-Հայաստան երկաթուղու, նավթամուղի ծրագրերի ձախողումից և շարունակում եք ՀՀ ժողովրդին նյուվասուկիական ծրագրեր ներկայացնել՝ ՀՀ-ում իրական պատկերը թաքցնելու համար, իսկ ո՞րն է իրական պատկերը»:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ 2012-13թթ․ուսումնական տարվա ընթացքում հայաստանյան դպրոցներում աշակերտների թիվը նվազել է 18 հազարով, 2011-12թթ․Հայաստանից գնացել է 5081 աշակերտ, իսկ 2012-13-ին՝ 4787 աշակերտ։ Բյուջեի կատարողականում խոսք չկա ծնելիության մասին, նշեց նա և նկատեց, որ 2012-ին 2011-ի համեմատ ծնունդները պակասել են 1007-ով, զբոսաշրջիկները պակասել են 150 հազարով, ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերն աճել են 93-ով: «Բյուջեի կատարողականից իմանում ենք, որ կառավարությունն ընդունել է հայեցակարգեր, ռազմավարություններ, պլատֆորմներ, և որ ամենազավեշտականն է, որ կառավարությանն առընթեր խորհուրդները չեն գործում։ Ամենազավեշտականն այն է, որ խորհուրդներից մեկը կոչվում է Ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ոլորտային խորհուրդ։ Սա զավեշտական է՝ արդեն հայտնի օֆշորային սկանդալի ֆոնին։ Տիգրան Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչները գործարարներին էին ներկայացնում իբր ադամանդագործության բնագավառում մեծ հնարավորություններ ունեցող մի մարդու՝ Աշոտ Սուքիասյան անունով, թե ինչով է նա հայտնի, ոչ ոք չգիտի։ Թերևս կառավարության անդամները տպավորվել էին այն փաստով, որ այս անձնավորությունը թանկարժեք բենթլի էր նվիրել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ով, ի դեպ, այս իրադարձությունների գլխավոր դեմքերից է։ Որևէ մեկը կարող է բացատրել, թե ինչ գործ ունի արքեպիսկոպոս Կճոյանն ադամանդագործությունը զարգացնելու հետ կապված կառավարության ծրագրերի հետ։ Հենց Տիգրան Սարգսյանի, Կճոյանի և Սուքիասյանի բացած ընկերությանը պատկանող հաշվեհամարի վրա է նստել 10 մլն դրամ վարկը, որը կապ ունի Դիլիջանի դպրոցի ծրագրի հետ, որին ես հետո կանդրադառնամ, և այդ գումարները փոշիացել են։

Երբ երեկ Դավիթ Սարգսյանից հարցրեցի այս մասին, նա այնպիսի մի պատասխան տվեց, որ սրտներիցս մի քար ընկավ։ ԴավիթՍարգսյանն ասաց, որ դրանք հերյուրանքներ են։ Հավատում ենք, հավատում ենք, որովհետև հերյուրանք չլիներ, ապա կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, կհայտարարեին, որ տասը միլիոն դոլար գցել են հայաստանյան գործարաներին։

Նման պրակտիկա մենք արդեն ունենք՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները հերյուրանքներ են, այո, երկու ամիս հետո տեսանք, որ դա իսկապես հերյուրանք է, հայ հանրությունն ահազագում էր, որ Սյունիքի մարզպետը չարիք է, ասում էին հերյուրանք է, այո, հերյուրանք էր, ասում էին, որ Ներսես Նազարյանը գեներալական պագոնների տակ բիզնես է անում, ասում էին՝ հերյուրանք է, համոզվեցինք, այո, որ հերյուրանք է, կամ Գագիկ Խաչատրյանի համար ՊԵԿ-ը բիզնեսի տանիք է, ասում էին՝ հերյուրանք է»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին. «Որովհետև ի դժբախտություն ոմանց, կարողանում եմ տարբերել իրականությունը հերյուրանքից»: