Երևանի Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատական նիստը:
Նիստին այսօր առաջին անգամ ներկայացել էր նաև տուժող Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը ցուցմունքն տվեց և հայտնեց, որ ամբաստանյալներին նախկինում չի ճանաչել, նրանց հետ որևէ կապ չի ունեցել: Նա հիշեց, որ նախագահական ընտրություններից առաջ իր դեմ կատարված մահափորձն առաջինը չէր, նման փորձեր տարբեր տարիների եղել են: Անդրադառնալով այդ օրվա միջադեպի մանրամասներին, Հայրիկյանն ասաց, որ իրեն զգուշացրել էին, որ վտանգ է սպառնում իր կյանիքն, այդ պատճառով զենք էր ձեռք բերել, որը այդ օրն իր մոտ չի եղել:
Հայրիկյանը պատմեց, որ մեքենայից իջել է, մի քիչ հեռացել ու հիշել է, որ մոռացել է պայուսակը և հետ է վերադարձել, որ վերցնի այն: Այդ ժամանակ նկատել է, որ մարդ է մոտենում իրեն ու տեսել է, որ նա զինված է: Նա մոտեցել է ու հնչել է առաջին կրակոցը: Ըստ Հայրիկյանի՝ հետո երկրորդ անգամ են կրակել, ինքը մի կերպ հասել է շենքի մուտքին, բարձրացել մի քանի աստիճան, տեսել է հարևաններին ու կորցրել գիտակցությունը, ուշքի է եկել շտապօգնության մեքենայի մեջ:
ԱԻՄ առաջնորդն ասաց, որ առերեսման ժամանակ ճանաչել է կրակողին և ցավ է ապրել՝ նրա զղջումը լսելով:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի` քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:
Այդ նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին Վարդան Սեդրակյանը տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: