ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե գազի գնի փոփոխման մասին պայմանագիրը կոնկրետ ո՞ր օրն է ստորագրվել և հնարավո՞ր է ծանոթանալ այդ պայմանագրին: Հարցին պատասխանելու համար ձայնը տրվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ով հայտարարեց, որ չի կարող կոնկրետ օր նշել, քանի որ հստակ չի հիշում և չի ցանկանում սխալվել: Նախարարը հայտնեց, որ բացի կոմերցիոն հատվածից, պայմանագրի մյուս հատվածը կարող են տրամադրել պատգամավորներին:
Արամ Մանոկյանը նախարարից հարցրեց, թե կարող է նա պայմանագրի ստորագրման գոնե մոտավոր ամիս ասել: «Չեմ հիշում»,- պատասխանեց նախարարը: «Գոնե տարին, ա՞յս տարի էր, թե՞ նախորդ»,- պնդեց Արամ Մանուկյանը: Նախարարը ոչ մի կերպ չմտաբերեց թեկուզ մոտավոր ժամկետը:
Արամ Մանուկյանը նշեց, որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, և պայմանագրի ստորագրման ամսաթիվը հարկավոր էր երկու օրվա հետ համեմատելու համար. «Առաջինը՝ մարտի 18-ը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գազի գնի բարձրացման մասին լուրերը հերյուրանք են, և երկրորգը՝ փետրվարի 19-ը, նախագահի ընտրությունների օրը»: