21 հուլիսի 2003 - 20:28 AMT
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՆԱԼՈՎ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ
Շաբաթ օրը Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Հեյդար Ալիեւի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար հոկտեմբերին կայանալիք ընտրություններում: Իսկ նախօրեին պաշտոնապես գրանցվել էր նրա որդի Իլհամը: Ինչպես գրում է ռուսական մամուլը, նախընտրական արշավը Ադրբեջանում գնալով ավելի հետաքրքրաշարժ է դառնում: Առաջին հերթին, նշում են վերլուծաբանները, անկախ Ադրբեջանի ամբողջ պատմության ընթացքում ԿԸՀ-ն դեռեւս չէր գրանցել նախագահական աթոռի թեկանծուների նման քանակ` դրանք արդեն 19 հոգի են, եւ բացառված չէ, որ այդ թիվը կավելանա: Հիմնական թեկնածուների թվում են` նախագահ Հեյդար Ալիեւը, նրա որդի Իլհամը, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը եւ Ադրբեջանի Ազգային անկախության կուսակցության ղեկավար Էթիբար Մամեդովը: Երկրորդը` մինչ այժմ անհայտ է կկարողանա արդյո՞ք մասնակցել ընտրություններին գործող նախագահ Հեյդար Ալիեւը, որը վերջին ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ բուժվում է Անկարայի «Գյուլհանե» ռազմա-բժշկական ակադեմիայում, ինչը տարբեր ասեկոսներ է հարուցում: Օրինակ, ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Հեյդար Ալիեւը կոմայի մեջ է: Եվ, վերջապես, քաղաքագետները եւ դիտորդներրը մինչ այժմ չեն կարողանում գուշակել, թե Ալիեւների տոհմից որ մեկը կգնա մինչեւ վերջ: Իլհամ Ալիեւը իր գրանցումից անմիջապես հետո հայտարարել է.«Նախագահ կլինի Հեյդար Ալիեւը, իսկ իմ գրանցումը որպես թեկնածու ինձ լրացուցիչ հնարավորություններ կընձեռնի քարոզչություն վարել գործող նախագահի օգտին»: