20 հունիսի 2013 - 17:30 AMT
Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության նախագահը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվում է ԵՄ տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Օրակարգում, մասնավորապես, ներառված են տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, ԵՄ ավելի սերտ տնտեսական և մոնետար միության զարգացման հետ կապված խնդիրները: Ինչպես հայտնում են նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, գագաթնաժողովի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ազգային մակարդակում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, Եվրոպական միության 2013թ. եզրափակվող կիսամյակի արդյունքների վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային և ԵՄ Արևելյան գործընկերությանն առնչվող հարցերին: