ԱԺ գարնանային նստաշրջանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բաժանում է երկու մասի: Առաջինը համընկավ Երևանի ավագանու և ՀՀ նախագահի ընտրությունների հետ: Այս ընթացքում, ըստ խմբակցության ղեկավարի, խորհրդարանն աշխատեց ոչ ամբողջ հնարավորություններով: Ռուբեն Հակոբյանի բնորոշմամբ` երկրորդ շրջանում` ընտրություններից հետո, լուրջ քննարկումներ եղան մի շարք հարցերի հետ կապված, որոնք վերաբերում էին կառավարության ներկայացրած բյուջեի հաստատմանը, 2012-ի բյուջեի կատարողականի և Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը: «Պառլամենտարիզմն իր դասական նշանակությամբ, թեև դանդաղ, բայց մտնում է մեր խորհրդարան: Ուրախալի է, որ քննարկումները բավական լավ մակարդակով են ընթանում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը` ամփոփելով նստաշրջանի աշխատանքները
«Ժառանգություն» խմբակցությունը` գարնանային նստաշրջանում
«Ժառանգությունն» իր թվաքանակով փոքր, բայց ակտիվությամբ, գրեթե բոլոր օրենսդրական նախաձեռնություններին արձագանքներով, սեփական նախաձեռնություններով, կարողացավ իրեն շատ լավ դրսևորել, կարծում է Ռուբեն Հակոբյանը: «Արտահերթ նիստում մենք ներկայացրեցինք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը լուրջ քննարկումներ ունեցավ: Պետք է ասել, որ բոլոր ոչ իշխանական ուժերը կողմ քվեարկեցին մեր նախագծին, այն չանցավ, քանի որ Հանրապետականն ապահովագրված է և ձայների մեծամասնությունն ունի»,- ասաց նա: Պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությունն իր առաջ դրած բոլոր խնդիրներն ու ծրագրերը կարողացել է իրականացնել. «Այլ հարց է, որ, ցավոք, մեր նախագծերը չանցան: Բոլորն էլ գիտեն, որ այսօր խորհդարանում մեծամասնությունն այն մեծամասնությունը չէ, որ կարող է իրականացնել ընդդիմության նախաձեռնությունները»:
Քաղաքական բանավեճեր ու քննարկումներ
Ռուբեն Հակոբյանն ափսոսանք հայտնեց, որ այսօր չկա քաղաքական այն մշակույթը, որ խորհրդարանի ամբիոնը դառնա բանավեճի ամբիոն, ոչ թե հայհոյանքի: «Դա ինչ-որ տեղ խանգարում է նորմալ հարաբերություններին: Կարելի է ծայրահեղ մոտեցումներ և դիրքորոշումներ ունենալ, բայց քաղաքակիրթ մակարդակով իրականացնել դրանք` առանցի վիրավորանքների, հայհոյանքների: Ի վերջո, եթե ասելիք ունենք, ուրեմն մոտենանք խորհրդարանի ամբիոնին, ոչ թե տեղից ռեպլիկներ թողնենք, առավել ևս, որ դրանք հիմանականում էթիկայի նորմերից դուրս են: Երևի կամաց-կամաց դա էլ կունենանք: Ուղղակի ցավալի է, որ դահլիճում կարող են էթիկայից դուրս արտահայտություններ լինել, կամ խանգարել պատգամավորի ելույթը, հարցը»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, քաղաքական բանավեճեր ստացվեցին և խորհրդարանում, և խորհրդարանից դուրս: «Ես կարծում եմ, որ գոնե արտաքին քաղաքկանության հարցերում մանևրելու, կոմպլիմենտարիզմի լիմիտը սպառվել է և կոնկրետ դիրքորոշում պետք է լինի: Արտաքին քաղաքականության հարցերը կբերեն նրան, որ խորհրդարանում քաղաքական բանավերճեր կլինեն իսկական իմաստով»,- եզրափակեց Ռուբեն Հակոբյանը: