Հունիսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Միջազգային խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ քննարկում «Հակամարտությունների կանխարգելում և բնական պաշարներ» խորագրով:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց պետությունների առաջնային պատասխանատվությանը` բացառելու հակամարտություններում բնական պաշարների խթանիչ դերն ու ապահովել մասնավորապես նավթի, քարածխի, ադամանդների, թանկարժեք մետաղների արդյունահանման բնագավառում թափանցիկ, արդար կառավարումը: Քննարկմանը մասնակցեցին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալները, Համաշխարհային բանկի կառավարիչ տնօրենը և անդամ պետությունների ներկայացուցիչները:
Կարևորելով ՄԱԿ-ի և Բրետոնվուդսյան ինստիտուտների դերակատարումը տվյալ բնագավառում համընդհանուր քաղաքականության մշակումը խրախուսելու գործում՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում նշեց, որ անհրաժեշտ է վերլուծել բնական պաշարների դերը նաև հակամարտությունների քաղաքական կարգավորումը երկարաձգելու հարցում և առաջարկել ուսումնասիրել Հարավային Կովկասի երկրների մոտեցումները ու նրանց կողմից վարվող քաղաքականությունը:
Նազարյանը նշեց, որ մեխանիզմները, որոնց միջոցով բնական պաշարները խթանում կամ երկարաձգում են հակամարտությունները, խորը արմատներ ունեն տնտեսական ու սոցիալական ոլորտներում ու անդրադարձավ կաշառակերության, թույլ պետության և հաշվետվության բացակայությանը, որոնք շատ դեպքերում կապված են բնական պաշարներից ստացվող լայնամասշտաբ եկամուտների հետ:
ՀՀ դեսպանը հավելեց, որ միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներին հասնելու համար անդամ պետություններին տրված է լավագույն հնարավորություն ներառելու իրենց կայուն զարգացման ազգային ծրագրերում հակամարտությունների կանխարգելման և խաղաղաշինության հետ մեկտեղ նաև բնական պաշարների կառավարման հարցերը, ինչն առաջին հերթին կպահանջվի քաղաքական կամքի ու վճռականության դրսևորում: