
Երևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կրկեսային արտիստները Արցախում կհյուրընկալվեն հունիսի 30-ից հուլիսի 6-ը: Մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի տարբեր շրջաններում, ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նախատեսված է Երևանյան կրկեսի 6 ելույթ՝ կրկեսային բազմաժանր ծրագրով:
Կրկեսի տնօրինությունը տեղեկացնում է, որ շրջագայության ընթացքում կրկեսային կոլեկտիվը ելույթներ կունենա նաև ԼՂՀ զորամասերում: Այդ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ՊՆ նախաձեռնությամբ:
Ամռան ընթացքում, արցախյան շրջագայությունից հետո, կրկեսային արտիստները կշարունակեն Հայաստանի մարզերում արտագնա ներկայացումներով հանդես գալու ծրագիրը: Հիշեցնենք, որ մինչ այժմ Երևանյան կրկեսը ներկայացումներով հանդես է եկել Լոռու և Տավուշի մարզերում տեղակայված զորամասերում: