28 հունիսի 2013 - 12:27 AMT
ԱԻՄ առաջնորդը համոզված է, որ իր դեմ մահափորձի պատվիրատուն բացահայտված չէ

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համոզված է, որ իր դեմ մահափորձի պատվիրատուն բացահայտված չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ ինքն առաջին օրից ասել է, որ իր դեմ մահափորձը կազմակերպել են ռուսական իմպերիալիստական ուժերը: Նա նշեց, որ դատարանն այդպես էլ չբավարարեց իր միջնորդությունը և Վարդան Սեդրակյանին Ռուսաստանից 100 հազար դոլար ուղարկած մարդկանց որպես վկա դատարան չհրավիրեց: «Ինչո՞ւ չեն հետաքրքրվում, թե այդ գումարը որտեղից է գալիս»,- հարցրեց նա:

Նշենք, որ ԱԻՄ առաջնորդը ասուլիսի էր եկել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, ինչը պարզաբանեց այսպես. «Իմ անվտանգության համար պետությունն է ծառայողներ տրամադրել: Ինձ էլ հաճելի չի, որ վերահսկողության տակ եմ, բայց պետությունը գիտի ինչ է անում: Բոլորդ էլ գիտեք, որ հիմնական պատվիրատուն դեռ բացահայտված չէ, իսկ միջնորդ պատվիրատուն ասում է, որ ինքը չէ: Նշանակում է` նա ով այս ամենը նախաձեռնել էր դեռ գործում է»:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԱԾ քննչական վարչությունում գործ էր հարուցվել: Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նաև նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու մեջ: Այժմ գործը գտնվում է դատավարական փուլում: