28 հունիսի 2013 - 13:21 AMT
Դատախազությունն ԱԺ-ից ստացել է ՎՊ հաշվետվությունը. Փաստաթուղթն ուսումնասիրվում է

Դատախազությունն Ազգային ժողովից ստացել է Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա տեղեկացրեց, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրում է հաշվետվությունը և այս պահին ժամկետներ չկարողացավ նշել, որովհետև շատ բան կախված է նրանից, թե երբ Վերահսկիչ պալատը կուղարկի իր եզրահանգումների հիմքերը:

«Թե ինչն է հիմք տվել ՎՊ-ին նման եզրահանգումներ կատարել, դրանց հիմնավորումները գտնվում են վերահսկիչ պալատում: Ուսումնասիրությունների արդյունքում եթե հայտնաբերվեն քրեաիրավական բնույթի խախտումներ, բնականաբար Պետական շահերի պաշտպանության վարչությունը կդիմի պալատին` այդ հիմնավորումները ստանալու համար»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Նշենք, որ ՎՊ 2012թ.-ի տարեկան հաշվետվությունով բազմաթիվ կոմպիտ խախտումներ և չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք ոլորտներում: Խորհրդարանում փաստաթղթի քննարկման ժամանակ պատգամավորներն առաջարկել էին այն ուղարկել դատախազությունն, առաջարկին կողմ էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը, ինչը և արվել է: