Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է շրջկենտրոն Մարտակերտ և մասնակցել քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ Մարտակերտի ազատագրումը մեծ տոն է մեր ողջ ժողովրդի համար, և այն իրականություն են դարձրել հայ ժողովրդի լավագույն զավակները, ում սխրանքը միշտ օրինակ կհանդիսանա սերունդների համար:
Բակո Սահակյանի խոսքով` հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրանց նպատակների իրականացումն է, հայրենի երկրի շենացումն ու զարգացումը: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավոր ամեն ինչ Մարտակերտի շենացման և մարտակերտցիների կենսապայմանների բարելավման, մեր անկախ պետականության ամրապնդման ուղղությամբ:
Այնուհետև հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար նախագահը «Մարտական ծառայություն» մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հյուրեր Հայաստանից և արտերկրից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: