17 փետրվարի 2006 - 14:24 AMT
Թուրքիայի Կայզերի քաղաքի քաղաքապետը հերքել է տեղի հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման մասին տեղեկատվությունը
Կայզերի թուրքական քաղաքի քաղաքագլուխ Օսման Գյունեշը հերքել է, որ օրերս հարձակում է կատարվել տեղի հայկական եկեղեցու վրա: «Նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է նա: Միաժամանակ նա հայտնել է, որ փետրվարի 9-ին ոստիկանությունը զննել է եկեղեցին եւ հայտնաբերել գնդակի երկու անցք հետեւի դռան վերեւում: «Անհնար է պարզել, թե երբ են արձակվել գնդակները: Ինչ վերաբերում է հակաքրիստոնեական կարգախոսներին, ապա նման բան ընդհանրապես չի եղել», - պնդել է Գյունեշը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը դատապարտել է Կեսարիայի Կայզերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա զինված հարձակումը: Նրա վկայությամբ, հարձակվողները, հակաքրիստոնեական կարգախոսներ վանկարկելով, հրազենից տասը գնդակ են արձակել եկեղեցու դռան վրա: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀԱԵ Ստամբուլի թեմում, թուրքահայերի հոգեւոր առաջնորդն այս հարձակումը կապել է եվրոպական երկրներում տպագրված Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով մահմեդական աշխարհում առաջացած լարվածության հետ: «Իսլամական շրջանակները, բնականաբար, իրավունք ունեն իրենց ցասումն արտահայտելու ծաղրանկարների դեմ, սակայն անհասկանալի բան է, երբ բռնի ուժով հարձակում է գործվում փոքրամասնությանը պատկանող աղոթատեղիների վրա: Բռնության որեւէ դրսեւորում որեւէ ձեւով արդարացված չէ, դատապարտելի է», - ասված է Պոլսո պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ: Տեղական իշխանությունները անմիջապես անվտանգության միջոցներ են ձեռնարկել եւ պահակություն հաստատել հայկական եկեղեցու բակում: