17 փետրվարի 2006 - 14:52 AMT
Թուրքիան պետք է ներողություն խնդրի ցեղասպանության համար ոչ թե հայերից, այլ իր ժողովրդից
«Եթե Թուրքական Հանրապետությունը ստիպված լինի ներողություն խնդրել հայերի ջարդի համար, ապա պետք է դա անի ոչ թե հայերի, այլ թուրքերի առջեւ, քանի որ թուրքական իշխանությունները տարիներ շարունակ թաքցրել են ճշմարտությունը, խաբել են իրենց ժողովրդին եւ շատ փորձությունների են ենթարկել նրան»,-հայտարարել է թուրք քաղաքագետ Բասկին Օրանը «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում: Օրանը, որը դիմակայում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում, այդպես է բնութագրել հայերի բռնի տեղահանման մասին որոշման իրականացումը.«Դա մի քանի երիտթուրքերի կողմից սանձազերծած արյունոտ զտում էր հայերի հանդեպ»: ԲասկինՕրանը, անդրադառնալով «ազգային ազատագրական շարժմանը» Թուրքիայում 1920-ական թվականներին, հայերի զտման հետեւանք է անվանել Թուրքական Հանրապետության ստեղծումը: Նրա խոսքերով, դա «հնարավոր եղավ, քանի որ քրդերը եւս միացան թուրքերին, որովհետեւ վախենում էին, որ հայերը կվերադառնան թողած գույքի հետեւից»: