Այժմ ուսանողները, հետազոտողները, լրագրողները և բոլոր հետաքրքրված անձինք ավելի շատ հնարավորություններ կունենան բարելավելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և հայաստանյան գործունեության մասին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի» գիտատեխնիկական գրադարանում ՄԱԿ-ի անկյան բացման արդյունքում: Այս տարի գիտատեխնիկական գրադարանը նշում է նաև ստեղծման 50 ամյակը, ասվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ:
Նորաբաց ՄԱԿ-ի անկյանը տրամադրված ավելի քան 500 ՄԱԿ-ի հրատարակություններն ու նյութերը կծառայեն ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ մարդկանց ավելի իրազեկելու գործին: Գրադարանի այցելուները ՄԱԿ-ի անկյունը կօգտագործեն նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելիս:
Հայաստանում ՄԱԿ Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «ՄԱԿ-ը պահպանում է իր երկխոսությունը Հայաստանի ժողովրդի հետ՝ նրա հետ, ում այն ծառայում է: Երբ մարդիկ ավելի շատ բան գիտեն ՄԱԿ-ի մասին և կիսում են դրա արժեքները, նրանք ավելի պատրաստակամ են ներգրավվել ՄԱԿ-ի գործունեության մեջ և դառնալ մեր վստահելի գործընկերները՝ ՄԱԿ-ի հիմնական արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջմղման հարցում»:
«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: ՄԱԿ-ի հետ մեր համատեղ գործողությունները հնարավորություն կտան մեր գրադարանի այցելուներին ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ»,- ասաց «Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի» տնօրեն Սերգեյ Մադաթյանը: ՄԱԿ-ի յոթ անկյուններ արդեն իսկ գործում են, որոնցից չորսը՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում, Հայկական ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, և երեքը՝ Երևանից դուրս՝ Ստեփանավանում, Դիլիջանում և Իջևանում: