17 փետրվարի 2006 - 18:39 AMT
Ս. Գրիգորյան. Եվրամիությունը արդեն զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ
2004 թվականից սկսած Եվրամիությունը սկսել է մասնակցել Հարավային Կովկասի ոչ միայն տնտեսական եւ մարդասիրական ծրագրերում, այլեւ երկրների քաղաքական կյանքին, մասնավորապես, ԵՄ-ը արդեն զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, այսօր Եվրոպական հարեւանության քաղաքականությունը նախատեսում է տարածաշրջանի երկրների ակտիվացումը փոխինտեգրման գործընթացում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵՄ-ին տարբեր ծրագրերի իրագործման հնարավորություն կտա: Միեւնույն ժամանակ, կբարձրանա նրա դերը: Ես կարծում եմ, որ շատ շուտով մենք դրա ականատեսը կդառնանք»,- նշել է նա:

Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռամբուեյում` Գրիգորյանը նշել է, որ այդ հանդիպումը, ավելի շուտ այդ ամենի շուրջ ծավալված իրարանցումը միայն խանգարեցին խաղաղ կարգավորմանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահները չհիմնավորված լավատեսությամբ էին վերաբերվում այդ ամենին, ինչ-որ հայատարարություններ էին անում, եւ արդյունքում մենք ստացել ենք այն, ինչ ունենք, այսինքն` հարթական ձախողում: Ավելին, ադրբեջանական, նաեւ հայկական հասարակություններում ավելի է խորացել անհանդուրժողությունը միմյանց նակտմամբ, ինչը էլ ավելի հեռացնում է հակամարտության կարգավորման ժամկետը»,- ընդգծել է նա: Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել միայն, երբ հայ եւ ադրբեջանական հասարակությունները ավելի հանդուրժողական դառնան միմյանց նկատմամբ: