
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործակալության (FRONTEX) Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավար Կլաուդիո Կավրեչիչի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը Հայաստան են ժամանել ՀՀ պետական սահմանի անցման կետերում իրականացվող հսկողության, ռիսկերի վերլուծության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգերն ուսումնասիրելու ու դրանց արդիականացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ մշակելու համար:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ԱԱԽ աշխատակազմի և FRONTEX-ի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագրով սահմանված համագործակցությունը զարգանում է դրական տեմպերով: Շարունակվում են սահմանային անվտանգության ապահովման և ամրապնդման հարցերով համագործակցությունը ԵՄ համապատասխան կառույցների հետ` մեթոդական և տեխնիկական աջակցության հարցերով:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է FRONTEX-ի հետ համագործակցությունը, որը ենթադրում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաև համատեղ վերլուծություններ և փորձի փոխանակում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կլաուդիո Կավրեչիչը վստահեցրել է, որ կանի հնարավորը աջակցելու ձևավորված համագործակցության զարգացմանը:
FRONTEX-ի Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավարը առաջարկել է «Զվարթնոց» օդանավակայանի Սահմանապահ ծառայության աշխատակիցների համար կազմակերպել և անցկացնել վերապատրաստման կուրսեր և փորձի փոխանակում: Արթուր Բաղդասարյանը ողջունել է ներկայացված առաջարկությունը և իր աջակցությունը հայտնեց ծրագրի իրականացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության այլ ուղղություններ ևս: