10 հուլիսի 2013 - 14:48 AMT
Պիպոյան. Գազի թանկացման պատրվակով չպետք է անհիմն գնաճ արձանագրվի

Գազի թանկացման պատրվակով հայաստանյան բիզնեսը չպետք է անհիմն գնաճ արձանագրի, ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ պետք է համատեղ ջանքերով քաղաքացիներին ներկայացնել` թանկացումներն իրականում արդարացված են, թե` ոչ:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ իրենք ուսումնասիրելու են ապրանքների հիմնական տեսակների գների ձևավորումը, դրանց պատրաստման համար ծախսված էներգիայի քանակը, ուշադրության կենտրոնում են լինելու սպառողական ապրանքներն ու հասարակական տրանսպորտը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը գազի գինը սուբսիդավորելու է 30 տոկոսով, 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Գազի նոր սակագինը գործում է հուլիսի 7-ից: