Այսօր Սփյուռքի նախարարությունում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
ՀՄԸՄ-ն 4 տարին մեկ կազմակերպում է համահայկական մարզախաղեր, և հերթական 9-րդը կիրականացվի Երևանում: Միջոցառման կազմակերպչական հարցերը նիստի անդամներին ներկայացրել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ Հրաչյա Շմավոնյանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստան կայցելեն 650 մարզիկներ` 18 երկրից, մարզախաղերին հետևելու համար Երևանը կհյուրընկալի ավելի քան 3500 այցելուի: Մասնակիցները 12-24 տարեկան պատանիներ և երիտասարդներ են, ովքեր միմյանց հետ կմրցեն ֆուտբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, թենիսի, շախմատի, լողի, վոլեյբոլի և ատլետիկայի մարզաձևերում:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը նշել է. «Ամեն ինչ անելու ենք մեր մարզիկներին և հյուրերին պատշաճ ձևով ընդունելու և խաղերը հարմարավետ պայմաններում կազմակերպելու ուղղությամբ»:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է ոստիկանության ու Առողջապահության նախարարության ներգրավումը ծրագրում՝ մասնակիցների անվտանգության և շտապ օգնության ապահովման համար: Նախարարն առաջարկել է նաև, որ մարզիկների օրակարգում ժամեր ավելացվեն Հայոց լեզվի արագացված դասընթացներ անցկացնելու համար:
Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերի հանդիսավոր բացումը կկայանա հուլիսի 27-ին Ազատության հրապարակում և կշարունակվի մինչև օգոստոսի 3-ը: