24 փետրվարի 2006 - 17:49 AMT
Ի. Ալիեւը ղարաբաղյան հարցի վերջնակետի առումով նախընտրում է սպասել Բաքվի համար ավելի նպաստավոր տարբերակի
«Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով մենք ընտրության երկու հնարավորություն ունենք. համաձայնել մեզ չգոհացնող պայմանագրին կամ առաջարկին, կամ սպասել որոշ ժամանակ եւ հասնել Ադրբեջանի համար ավելի նպաստավոր արդյունքի: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ», - թուրքական NTV հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Խոսելով Ադրբեջանում վերջին երկու տարում արձանագրված առաջընթացի մասին` Իլհամ Ալիեւը շեշտել է, որ երկրի բյուջեն ներկայումս չորս անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն, եւ տնտեսական ու ռազմական աճող ներուժը կուժեղացնի Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում:

Խոսելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման ուշացման մասին, Իլհամ Ալիեւը անվանել է դա բնական: «Դա բնական է, քանի որ խոսքը գնում է մի հսկայական, միջազգային նախագծի մասին, որը միավորում է երեք երկիր, երկու ծով եւ դրա կառուցումը, ինժեներական աշխատանքները շատ բարդ են: Ներկայումս, նավթը հասել է Թուրքիա, որտեղ տարվում են ավարտական աշխատանքները: Հուսով եմ, որ առաջիկայում մենք կտոնենք Ջեյհանում նավթատարի բացումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը: