Հայաստանի բռնցքամատրի հավաքականը Կազանում ընթացող Ունիվերսիադայում ավարտել է ելույթներն ու վերադարձել է Երևան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գոհ է մեր բռնցքամարտիկների ելույթներից:
«Արթուր Քիրաջյանը 5 մենամարտ անցկացրեց և զիջեց միայն եզրափակչում՝ նվաճելով արծաթե մեդալ: Ես գոհ եմ: Կարծում եմ, որ եզրափակչում նա հոգնած էր, ինչը խանգարեց ոսկե մեդալ նվաճել: Բրոնզե մրցանակակիր Հենրիկ Մոքոյանը նույնպես հաջող հանդես եկավ, սակայն նա դեռ շատ երիտասարդ է և պետք է աշխատի սխալների վրա»,-ասել է Աղամալյանը:
Ըստ մարզչի, բռնցքմարտի մրցաշարի մակարդակն Ունիվերսիադայում բարձր էր, բոլոր թիմերը ներկայացված էին ուժեղ կազմերով:
Համաշխարհային ուսանողական խաղերից Հայաստանի չորս բռնցքամարտիկներից երկուսը հայրենիք են վերադարձել մեդալներով: Արթուր Քիրաջյանը 64 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ, իսկ Հենրիկ Մոքոյանը 56 կգ կարգում՝ բրոնզե մեդալ: