Հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններն անցան վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրություններին հատուկ տրամաբանությամբ: Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն, պարտադրանք, ընտրակաշառք և այլն: Նման հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
«Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը:Թե Պռոշյանի բնակիչները, թե հասարակությունը, թե մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության ձևավորմանն ու սպանության լիարժեք բացահայտմանը:
Հույս կար, որ գոնե այս ընտրությունները, հաշվի առնելով վերոնշյալ առանձնահատուկ հանգամանքները, կանցնեն բնականոն հունով` սկսած առաջադրվողներից մինչև բուն ընտրական գործընթացը: Արդյունքում հաղթանակն արձանագրվում է սպանված համայնքապետի` նախորդ ընտրություններում մրցակից հանրապետական թեկնածուի օգտին: Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսևորումը խաթարեց ընտրական գործընթացը, խորացրեց համայնքում առկա լարվածությունը:
Հակառակ այս իրողությանը` մենք հորդորում ենք Պռոշյանի բոլոր բնակիչներին տուրք չտալ նոր լարվածություն ստեղծելու հնարավոր փորձերին, միաժամանակ վստահեցնում ենք, որ հասարակության համախմբմամբ հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելուն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում արտահերթ ընտրություններ էին նշանակվել համայնքի ղեկավարի մահվանից հետո: Ապրիլի 2-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: