17 հուլիսի 2013 - 15:28 AMT
Քաղաքապետարանը վստահեցնում է, որ Երևանի լուսավոր փողոցների ցանկը կհամալրվի ևս 14-ով

Երևանում լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում բոլոր վարչական շրջաններում:

Երևանի 2013թ. զարգացման ծրագրերի համաձայն՝ մայրաքաղաքի լուսավոր փողոցների ցանկը կհամալրվի ևս 14-ով: Տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում 9 փողոցներում արդեն ավարտվել է արտաքին լուսավորության համակարգի արդիականացման ու լուսավորությամբ ապահովելու գործընթացը, ևս 5-ում՝ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում զուգահեռ նաև արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման աշխատանքներ են իրականացվում: Զարգացման տարեկան ծրագրից զատ, լրացուցիչ ծրագրով ևս 27 բակային տարածքներ են ապահովվել արտաքին լուսավորությամբ: Նույն ծրագրերով լրացուցիչ լուսավորվել է նաև երկրորդական 6 փողոց: Երևանի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում այս տարի նորովի մոտեցում կցուցաբերվի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու լուսավորման հարցում: Նոր ավտոճանապարհը կլուսավորվի LED տեսակի լուսադիոդային լուսատուներով: