22 հուլիսի 2013 - 15:30 AMT
Դեմկուսը միացավ 100 դրամ վճարողներին. Ստիպեք չեղյալ հայտարարել կայացված որոշումը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խստորեն դատապարտում է Երևանի քաղաքապետարանի` տրանսպորտի թանկացման որոշումը:

Կուսակցությունը գտնում է, որ որ քաղաքապետարանի որոշումը անհիմն է, «կամայական և ուռճացված և ապահովում է գերշահույթի հերթական բաժինը իշխանական հովանավորչությունից օգտվող գծատերերի համար, ովքեր հայտարարում են, թե բարեգործներ են եղել և հանուն ժողովրդի այսքան տարիներ աշխատել են վնասով»:

«Մենք համոզված ենք, որ նախքան նմանատիպ որոշում կայացնելը, պետությունը պարտավոր էր էապես և համարժեք բարձրացնել աշխատավարձերը և կենսաթոշակները, իսկ քաղաքապետարանը պարտավոր էր զուգահեռաբար ապահովել տրանսպորտային փոխադրումների բարձր որակ` սկսած փոխադրամիջոցների պարկի լայնամասշտաբ թարմացումից, փոխադրումների հաճախականությունից, վարորդների մարդկային աշխատանքային պայմաններից, ավարտված տրանսպորտային միջոցի մաքրությունից և տեխնիկական անվտանգության ապահովումից:

Մինչդեռ մեր համաքաղաքացիները շարունակում են երթևեկել անորակ տրանսպորտով և նվաստացուցիչ պայմաններում: Փոխարենը տեսնում ենք իշխանության միտումնավոր հանցավոր անտարբերությունը և անփութությունը երկրի ներսում կատարվող պրոցեսների, սեփական ժողովրդի և երկրի ճակատագրի հանդեպ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ողջունում և իր աջակցությունն է հայտնում այն երիտասարդությանը, ովքեր ակտիվորեն պայքարում են իրենց իրավունքների համար և իրենց դրսևորում որպես իսկական քաղաքացիներ, ովքեր տեր են իրենց երկրին:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում մեր համաքաղաքացիներին համախմբվել, չհնազանդվել ապօրինի, չհիմնավորված որոշմանը, սատարել երիտասարդ ակտիվիստներին, շարունակել վճարել 100 դրամ և այդպիսով ստիպել քաղաքապետարանին չեղյալ հայտարարելու կայացրած որոշումը»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում: