Գրոսմայստեր Լևոն Արոնյանն օգոստոսի 10-ից սեպտեմբերի 3-ը Նորվեգիայի Տրոմսո քաղաքում կմասնակցի աշխարհի Գավաթի խաղարկությանը:
Այժմ շախմատիստը Հայաստանում է, որտեղ պատրաստվում է մրցաշարին: «Հայրենիքում ես կմնամ մինչև օգոստոսի սկիզբ, և հավաքականի հետ մենք մի փոքր հավաք կանցկացնեմ: Հետո կմեկնեմ մրցումների: Այստեղ ես ամեն օր մարզվում եմ և մեծ հաճույք եմ ստանում դրանից: Ես երբեք այսքան երկար ամենօրյա մարզումներ չեմ անցկացրել, ուստի շատ ուրախ եմ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արոնյանը :
ՖԻԴԵ-ի վարկանիշի 2-րդ տեղը զբաղեցնող գրոսմայստերը նշել է, որ կաշխատի լավ հանդես գալ Աշխարհի գավաթի խաղարկությունում, սակայն, իր գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելն է: «Կաշխատեմ ջանադրաբար աշխատել այդ նպատակին հասնելու համար»,-հավելել է նա:
Արոնյանն իր թիմակից Գաբրիել Սարգսյանի հետ շախամտի դպրոց է բացել Երևանում: Նա խոստացել է, որ դեկտեմբերի սկզբին հավաք կանցկացնի շախմատի դպրոցի աշակերտների հետ. «Երեխաների համար շատ կարևոր է շփվել հայտնի շախմատիստների հետ ու կարևոր խորհուրդներ ստանալ նրանցից»: