23 հուլիսի 2013 - 17:00 AMT
Կարմիր Աղեկ գյուղում ներդրվում է նոր գյուղատնտեսական նախագիծ

Orange հիմնադրամի և G2IA միացյալ ջանքերով Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ: Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը և թույլ է տալու գյուղի ավելի քան 38 ընտանիքների միավորել իրենց աշխատանքը՝ ստանալու ավելի լավ արդյունքներ:

Գյուղում ստեղծված կոոպերատիվին աջակցելու նպատակով ստեղծվել է պահածոյացման արտադրամաս և խոտաբույսերի չորանոց, որոնք թույլ են տալու կոոպերատիվի անդամներին կազմակերպել աշխատանքը: Բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև կապեր են ստեղծվել վերամշակող ընկերությունների հետ, ներդրված նոր մոդելի՝ սպառողական կոոպերատիվի գործունեությունը և բերքի իրացումը հեշտացնելու նպատակով:

Այս օրերին Լոռու մարզի Օձուն գյուղում կազմակերպված գյուղմթերքի ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ Կարմիր Աղեկի բնակիչներն արդեն իսկ ներկայացան իրենց արտադրանքով՝ ցուցադրելով տարբեր մրգերից պատրաստված մուրաբաների, չորացված խոտաբույսերի, կոմպոտների ու օղու մեծ տեսականին:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 4,160,000 դրամ: