30 հուլիսի 2013 - 12:09 AMT
Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝ առաջարկություններ և դիտողություններ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկությունները: Նախարար Արամ Հարությունյանը կարևորել է առաջարկների վերաբերյալ աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները, որոնք ներկայացնում են հանրային շահերը: Աշխատանքային խումբը հիմնականում ընդունել է առաջարկությունները և դիտողությունները: Արամ Հարությունյանը շեշտել է, որ օրենքի նախագծի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը՝ պարզեցնելով փորձագիտական եզրակացությունների ստացման ընթացակարգը:

Ինչպես հայտնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քննարկման ավարտին նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է սեղմ ժամկետներում դիտարկել բոլոր առաջարկությունները և արդյունքների մասին տեղեկանքը ներկայացնել շահագրգիռ կողմերին: