Ավան վարչական շրջանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը մեկնարկել է Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ նոր ձևավորվող անտառպուրակի շինհրապարակից: Երևանի զարգացման 2013թ. ծրագրերի շրջանակում բարեկարգվում է շուրջ 2.5 հա տարածք, որը համալրելու է մայրաքաղաքի անտառպուրակների շարքը:
Պատասխանատուները հավաստիացրել են, որ ևս մի քանի տարի, և նորաստեղծ անտառպուրակը յուրօրինակ բուֆերային գոտի կդառնա մայրաքաղաքի համար:
«Խորհրդային տարիներին Երևանը բավականին կանաչապատ, անտառային գոտիներ ունեցող քաղաք էր: Ու հիմա բոլորիս երազանքն է հասնել նրան, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենա իր անտառպուրակը, հանգստի գոտին ու բարեկարգված տարածքները: Համոզված եմ, որ երևանցիների հետ միասին, համատեղ ուժերով մենք կարող ենք իրականություն դարձնել այդ ամենը: Քաղաքի բարեկարգման ու կանաչապատման հարցում շատ կարևոր է նաև տնտեսվարողների մասնակցությունը:
Համոզված եղեք, որ մի քանի տարվա ընթացքում Երևան քաղաքի առնվազն գոնե կենտրոնական ու երկրորդական փողոցներում մենք կունենանք ոռոգման համակարգեր, ինչպես նաև քայլեր կձեռնարկենք բակային տարածքները ևս ոռոգման համակարգերով ապահովելու ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետրաանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետը հանդիսավորությամբ բացել է Նարեկացի թաղամասի նորակառույց հանգստի գոտին:
«Մենք այսօր բանակցում ենք նաև շատ սեփականատերերի ու վարձակալների հետ, որպեսզի բոլոր այն տարածքները, որոնք այսօր անխնամ են, վերադարձնեն քաղաքապետարանին, որպեսզի կարողանանք բարեկարգել ու գեղեցկացնել նաև նման տարածքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: