Այսօր Ծիծեռնակաբերդի տարածքում մի շարք կազմակերպություներ ու անհատներ մասնակցել են «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքների:
Նրանց է միացել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Ավելի մաքուր Երևան» ծրագիրը երևանցիներին ուղղված կոչ է` ընդհանուր օգտագործման այն տարածքները, որոնք ծառայում են բոլորին, ավելի մաքուր դարձնելու և ավելի մաքուր պահելու համար:
«Առաջիկայում նախատեսում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Հայորդաց տան հարակից, արդեն ծառապատ հատվածներում, նաև Արաբկիր վարչական շրջանի մանկական զբոսայգու և Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքներում: Այնուհետ աշխատանքներ կշարունակվեն մյուս վարչական շրջաններում»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում մաքրվել են Հրազդանի կիրճի, Հաղթանակ զբոսայգու, «Կարմիր բլուր» հնավայրի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և «Փարոս» անտառպուրակի հարակից տարածքները: