13 մարտի 2006 - 12:54 AMT
Բաքուն պահանջում է «Եվրատեսիլի» կազմկոմիտեից հարգել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»
Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը բողոքի նամակ է հղել «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչներին: Նախարարությունը, «չափազանց մտահոգված» լինելով այն փաստով, որ մրցույթի պաշտոնական կայքի վրա Հայաստանը ներկայացնող երգիչ Անդրեի կենսագրական տվյալներում նշված է, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նամակ է հղել մրցույթի կազմակերպիչներին: Նամակում ասվում է, որ այդ փաստը կարելի է գնահատել որպես անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ որպես սադրանք, եւ կարելի է մեկնաբանել որպես աջակցություն Հայաստանի ագրեսիվ քաղաքականությանը մրցույթի կազմակերպիչների կողմից»: Նամակում ընդգծվում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է: Համաշխարհային հանրությանը հայտնի է, որ սկսած 1988 թվականից Ադրբեջանը ագրեսիայի է ենթարկվել Հայաստանի կողմից: Ռազմական գործողությունների արդյունքում գրավվել են Լեռնային Ղարաբաղը եւ նրան հարող Ադրբեջանի Հանրապետության շրջանները, որոնք կազմում են նրա տարածքի 20 տոկոսը: Գրավյալ հողերից վտարվել է շուրջ մեկ միլիոն մարդ, որոնք հայտնվել են բռնի տեղահանվածների վիճակում»: Այնուհետեւ նշվում է, որ «այժմ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է խաղաղ բանակցություններին, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, եւ նման փաստերը կարող են բացասական ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա»: Վերջում «համոզվածություն է հայտնվում, որ մրցույթի կազմակերպիչները, որոնք արժանապատվորեն ծառայում են մշակույթների միջեւ երկխոսությանը, կշտկեն այդ թյուրիմացությունը եւ հարգանքով կվերաբերվեն միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», հաղորդում է Day.az-ը: