14 մարտի 2006 - 16:37 AMT
Ջավախքի իրադարձությունները կարող են զարգանալ կամ Ղարաբաղի կամ Նախիջեւանի ճանապարհով
Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ Սամցխե-Ջավախքի (Վրաստանի հայբնակ մարզ) ինքնորոշումը զուտ քաղաքական հարց է: Եթե այն չլուծվի, ապա շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները եւս չեն լուծվի: Ջավախքի իրադարձությունները կարող են զարգանալ կամ Ղարաբաղի կամ Նախիջեւանի ճանապարհով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ջավախք» հասարակական կազմակերպության անդամ Հրազդան Մադոյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: «Մենք երկու ճանապարհ ունենք. կամ անկախացնել Ջավախքը կամ վերջնականպես կորցնել, ինչպես կորցրեցինք Նախիջեւանը: Համենայն դեպս, ես չեմ մտածում, որ Ջավախքում հանրաքվե կանցկացվի, որի ժամանակ ժողովուրդը ինքը կորոշի իր ճակատագիրը»,- նշել է Հրազդան Մադոյանը: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանի հյուսիսում հայաբնակ շրջանի առկայությունը հանդիսանում է ՀՀ ֆիզիկական գոյատեւման գործոններից մեկը: «Ջավախքը Հայաստանից Եվրոպա տանող միակ Ճանապարհն է եւ եթե մենք այն կորցնենք, ապա` որպես պետություն, այլեւս գոյություն չենք ունենա»,- ասել է նա: