Ադրբեջանի Ազգային խորհուրդը մտադիր է Բաքվի փողոցներ շուրջ 20 հազար մարդ դուրս բերել: Այդ մասին հայտարարել է ԱԽ հանրահավաքային կոմիտեի ղեկավար Ասեֆ Գուլիևը: Ըստ նրա, հանրահավաքի մասնակիցներն ամեն ինչ կանեն, որպեսզի ակցիան դառնա ամենաբազմամարդներից մեկը:
Միայն սոցցանցերի միջոցով տարածվել է 60 հազար հրավեր, բաժանվել է նաև հանրահավաքին մասնակցելու կոչով մոտ 30 հազար թռուցիկ: «Մենք արդեն հայտնել ենք օտարերկրացի դեսպանություններին, որ իշխանություններն արգելել են ավտոբուսների երթևեկությունը այն երթուղով, որով կանցնի ակցիան, ուստի մենք կաշխատենք բոլոր ցանկացողների համար ավտոբուսներ ու այլ տրանսպորտային միջոցներ ապահովել: Հանրահավաքը կվարի Իբրահիմ Իբրահիմլին»,-ասել է Գուլիևը: Նա հայտնել է նաև, որ վերջին օրերին ձերբակալվել է 11 ակտիվիստ, հայտնում է haqqin.az-ը: