16 մարտի 2006 - 12:48 AMT
Վ.Օսկանյանն ու Դ.Ֆրիդը քննարկել են Պրահայի գործընթացի շրջանակներում բանակցությունները շարունակելու հարցը
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մաննը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանի, այդ թվում նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցեր, որի վերաբերյալ կողմերը շարադրեցին իրենց մոտեցումները: Նշվեց, որ այդ առումով Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորումը թույլ կտա ապագայում լիովին օգտագործելու տարածաշրջանի հնարավորությունները: Այնուհետեւ կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված վիճակը եւ մտքեր փոխանակեցին Պրահայի գործընթացի շրջանակներում բանակցությունները շարունակելուն ուղղված քայլերի վերաբերյալ: Քննարկում ծավալվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ` մասնավորապես անդրադառնալով սահմանի բացման եւ հաղորդակցության ուղիների գործարկման հարցերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության խորացման հետ կապված հարցերին: