17 մարտի 2006 - 14:18 AMT
Բաքվում խոսում են Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ հայտարարությունների վաղաժամ լինելու մասին
Ադրբեջանցի սպա Ռ.Սաֆարովի գործով հերթական նիստը Բուդապեշտի քաղաքային դատարանում տեղի կունենա ապրիլի 13-ին: Այդ նիստում դատավորը մեկ անգամ եւս կհամեմատի Ռ.Սաֆարովի 4 փորձաքննությունների արդյունքները: «Լավ կլիներ հրավիրել դատավարությանը եզրակացությունները կազմած բժիշկներին` իրենց կարծիքը հայտնելու համար: Դա կարող էր ազդել դատարանի որոշման վրա»,-ասել է պատգամավոր, Ռ.Սաֆարովի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Ազայ Գուլիեւը: Նրա խոսքերով, դեռեւս վաղաժամ է խոսել Ռ.Սաֆարովի էքստրադիցիայի մասին: «Այդ հարցը օրակարգ մտցնելը եւ ուռճացնելը վնաս կբերի ադրբեջանական կողմին: Հայերը օգտագործում են դա եւ հայտարարում, թե ադրբեջանական կողմը ցանկանում է ազատել Սաֆարովին: Էքստրադիցիայի մասին հարցը կարելի կլինի քննարկել միայն արդար դատավճռից հետո»,-ասել է Ա.Գուլիեւը` հավելելով, որ ըստ հունգարական օրենքների չի բացառվում Ռ.Սաֆարովի ցմահ բանտարկությունը, սակայն նման որոշում կայացնելու համար «ոչ մի հիմք չկա», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: