24 օգոստոսի 2013 - 14:39 AMT
Կոմիտասի 5-ից բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին

Քիչ առաջ Կոմիտասի 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման է ենթարկվել ակտիվիստ Եղիա Ներսեսյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են «Նախախորհրդարանի» քարտուղարությունից: Ներսեսյանը «Նախախորհրդարանի» ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի կազմում մասնակցում էր ապօրինի շինարարության դեմ բողոքող բնակիչների ակցիային:

«Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին զգալի չափով թվապես գերազանցող ուժեր է բերել և ապօրինի շինարարության ընթացքն ապահովելու նպատակով բացահայտ կերպով ուժ է կիրառում ու ոտնահարում է բնակիչների և նրանց աջակցող ակտիվիստների տարրական իրավունքները»,- նշված է հաղորդագրությունում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կոմիտասի 5-ում առավոտյան կրկին վերսկսվել էր շինարարությունը: Շինհրապարակում ծանր տեխնիկա է աշխատում: Նշենք, որ երկու օր առաջ պատկան մարմինների կողմից շինարարությունը 5 օրով դադարեցնելու մասին խոստում էր տրվել, դատարանի կողմից, որպեսզի այս հարցը քննարկվի, բայց շինարարություն իրականացնող կազմակերպությունը խախտել է պայմանավորվածությունը: