Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում «նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը: Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում»:
Բայց կարելի է փոքր ինչ շեղվել պաշտոնական հաղորդագրույթուններից, որոնք, հիմնականում, միայն ընդհանուր տեղեկություն են պարունակում։ Ո՞րն է լինելու գլխավոր հարցը։ Մասնագետների կարծիքները չեն համընկնում։ Ներկայացնենք հիմնականները։
Վերջերս Երևանում հաճախակի են հնչում հայտարարույթւոններ, թե Մոսկվա այցի ընթացքում մեր երկրի ղեկավարը պետք է հստակ պատասխան տա, թե ո՞ւմ կողմից է Հայաստանը՝ Ռուսաստանի՞, թե՞ Եվրոպայի, այսինքն՝ Մաքսային միության, թե ԵՄ-ում ասոցացված անդամ դառնալու կողմնակից է։ Որոշ էքսպերտներ պնդում են, որ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի համոզել Պուտինին, որ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասը փոփոխությունների չի բերի գործակցության ռազմաքաղաքական ոլորտում։
Հատկապես մտահոգում են ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին միտումները, այսինքն՝ Վլադիմիր Պուտինի վերջին այցն Բաքու, երկու երկրների միջև գազի մասին համաձայնությունը, Ռուսաստանի կողմից խոշոր չափերով զենքի տրամադրումը Ադրբեջանին։ Որոշ շրջանակում այդ միտումներն ընդունվում են որպես ակնարկ հայկական կողմին՝ շատ չհեռանալու իր ստրատեգիական գործընկերոջից՝ Ռուսաստանից, վազելով եվրոպական «օգուտների» հետևից։
Բացի այդ, մասնագետների մի մասը ենթադրում է, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը գլխավորը չի լինելու։ Հատկապես, որ այստեղ դրված չէ երկու Միությունների միջև ընտրության հարցը, քանի որ Հայաստանի տեսլականն այդ գործակցության վերաբերյալ ներառում է եվրոպական քաղաքականության տարրեր, բայց Ռուսաստանի հետ փոխգործակցությունը հարցականի տակ չի դնում։
Կա նաև կարծիք, որ Սարգսյան-Պուտին հանդիպմանը հիմնական հարցն է լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ աշնանն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների կոնտեքստում։ Պետք է նաև նշել, որ Բաքու այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել միայն քաղաքական ուղիով։ Կարելի է նաև ենթադրել, որ այդ հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ևս մեկ անգամ պահը բաց չթողեց հերթական ելույթն ունենալ «Ղարաբաղը՝ ամեն գնով» թեմայով։ Հասկանալի է նաև, որ Ղարաբաղի համար մոտեցող պատերազմի մասին Ալիևի բառերը (ի դեպ, այդ «մոտեցող» պատերազմով Ադրբեջանի նախագահն արդեն առաջին տարին չէ, որ սպառնում է) ուղղված են բացառապես ներքին լսարանին ու դրանց նպատակն է ամեն գնով պահպանել նախագահի աթոռը։ Ու ակնհայտ է, որ Ալիևը՝ նախորդը հիշելով ու հասկանալով, որ ձեռք բերվող ու արտադրվող զենքի նոր քանակը չի օգնի, ինքնուրույն նոր պատերազմի մեջ չի մտնի։ Ռազմական գործողություններ սկսելու համար նրան ավագ եղբոր՝ Թուրքիայի ռեալ օգնությունն է պետք, որն այժմ զբաղված է Սիրիայի խնդիրներով ու դժվար թե ցանկանա փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները անգամ այն բանի համար, որ Ղարաբաղի մասին երազող Բաքուն նրան հանգիստ թողնի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրան այս պահին առհասարակ պետք չէ ևս մեկ գլխացավանք՝ Հարավային Կովկասում պատերազմի տեսքով։
Չնայաց այս ամենին, Սարգսյան-Պուտին հանդիպումը սարերի հետևում չէ, ու հուսանք, որ հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ արդյոք սեպտեմբերի 3-ը Հայաստանի համար «իքս ժամ» կդառնա, թե՝ ոչ։